38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչքա՜ն մեղք է աշխարհը, որին անհասանելի է Ֆրունզիկի հայերենը

Ինչքա՜ն մեղք է աշխարհը, որին անհասանելի է Ֆրունզիկի հայերենը
19.05.2024 | 12:08

Երբ Մոսկվայում էի, մեկ-մեկ առիթ էր լինում շփվելու սովետական կինոյի ու հեռուստատեսության վաստակավորների հետ։ Երբ պատահում էր՝ խոսքը գնում էր Ֆրունզիկի մասին, զարմանում էի, թե ինչ ակնածանքով են խոսում նրա մասին։ Տենց խոսում են երևի Ժան Գաբենի մասին, Լոուրենս Օլիվիեի մասին։

Ես միշտ համարել եմ, որ Ֆրունզիկը շատ հայկական ա, որ օտարներին հասկանալի լինի։ Բայց պարզվում ա, որ չէ՛, հասկանալի ա, համամարդկային ա։ Փաստորեն՝ ծիծաղն ազգություն չունի ու չափվում ա դրա մեջ արցունցի պարունակությամբ, ինչպես դառնությունն ա ընդգծում շոկոլադի քաղցրությունը։ Ուրեմն՝ բոլորը հասկանում են, որ իսկական հմայքը հունական դասական կիսադեմը չի, այլ քեզնից մի ժամ առաջ ընկած քիթը։

Քանի-քանի ռուս, ուկրաինացի, թաթար, անգլիացի, իսպանացի ա լեզուն ջարդելով փորձել ճիշտ արտասանել Ֆրունզիկի ազգանունը՝ արտասանական ապարատի անբնական ջղակծկումներով իրար հետևից արտաբերելով բոլոր բաղաձայները։ Որովհետև կարևոր են համարել արտասանել։ Որովհետև ուզեցել են իրանցը դարձնել դժվար արտասանելի օտար անունը, որը կրողը վաղուց հարազատ ա դարձել։ Ուրեմն՝ էն քիչը, որ նրանք հասցրել են տեսնել, նրանց համար բացահայտել ա Ֆրունզիկի էության մի մասը, ու դա բավական ա եղել, որ խոնարհվեն։ Բայց ինչե՜ր չեն տեսել նրանք...

Նրանք չեն տեսել դարբին Ֆրունզիկին, որ Մկրտիչների հոգին էր։ Նրանք չեն տեսել հարբեցող Ֆրունզիկին, որ թարսի պես մեքենայի տակ չէր ընկել։ Նրանք չեն տեսել ուրիշի ոչխարը մորթած մեծ երեխա Ֆրունզիկին։ Նրանք չեն լսել միմյանց չնկատող հարազատների անտարբերությունից թևաթափ բազմազավակ հոր մենախոսությունը։

Նրանք չեն լսել հայերեն փափազյանական Օթելլո արտասանող Ֆրունզիկին... ի՞նչ մեղք ես գործել, երկինքը հոտից իր քիթն է խցում, լուսինն՝ ամոթից երեսը գոցում, և լկտի քամին, որ հանդիպողին համբույր է տալիս, փախչում է հեռու՝ քարայրների մեջ, որ չտեսնե այդ: Ի՞նչ մեղք ես գործել... Կամ միգուցե տեսել են՝ թարգմանված, բայց չեն լսել, չեն հասկացել էն, ինչը մենակ հայերեն ա։

Նրանք չեն տեսել սև թուղթը ծամող Ֆրունզիկին, չեն զգացել դրա դառնությունն իրանց քիմքին, որովհետև էդ թղթի վրա գրված ա Լենինականի հասցե՝ Վահան Տերյան 66, որովհետև դա Հայաստանի չորրորդ տղու՝ Եղիշի սև թուղթն ա։ Իսկ միգուցե տեսե՞լ են, միգուցե զգացե՞լ են դառնությունը, չէ՞ որ Ռուսաստանն էլ որդի ունի, Էստոնիան էլ, Լեհաստանն էլ։ Ո՜վ գիտի։ Միգուցե խելագարվե՞լ են նրա հետ, կարդացե՞լ են աշխարհի վիշտը իրականությունից կտրվող նրա աչքերում ու կարծել են, թե էլ Ֆրունզիկ չկա, որովհետև անգամ տեսախցիկի առաջ խաղացած էդ տեսակ խելագար խելագարությունից հետ չեն գալիս։

Ի՜նչ մեծ բան ա կորցրել աշխարհը, որ չի տեսել էն դերերը, որ Ֆրունզիկը մենակ մեր համար ա խաղացել։ Ինչքա՜ն մեղք ա աշխարհը, որին անհասանելի ա Ֆրունզիկի հայերենը...

Հա՛, ինչի՞ էսօր հիշեցի Ֆրունզիկին։ Եսի՞մ։ Երբ հոգումդ ծանրություն ա, ուզում ես մի լուսավոր բան հիշես, որ գիշերը կարողանաս քնել։

Էս նկարը մի տեղ տեսա, գողացա։ Չգիտեմ՝ ում նկարն ա, բայց շատ լավն ա։ Երևի հեղինակային իրավունք եմ խախտում, բայց Ֆրունզիկի հեղինակային իրավունքը մերն ա՝ բոլորինս։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12171

Մեկնաբանություններ